Իսլանդիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Էյոլֆուր Սվերիսոնը «Հրազդան» մարզադաշտի ասուլիսների սրահում պատասխանեց լրագրողների հարցերին:
- Ի՞նչ հույսերով եք եկել:
- Բոլոր խաղերին էլ մեկնում ենք հաղթելու համար, կաշխատենք հաղթել նաև այս խաղում:
- Ուսումնասիրե՞լ եք մեր հավաքականին:
- Դեռ ոչ, նրանք ոչ մի խաղ չեն անցկացրել, բայց գիտեմ, որ Հայաստանի հավաքականը լավ թիմ է՝ դատելով նաև նախորդ կազմից: Դժվար խաղ կլինի:
- Ո՞վ է խմբի ֆավորիտը:
- Ֆրանսիան է ֆավորիտը: Իսլանդիան, Հայաստանը և մյուս թիմերը կպայքարեն երկրորդ տեղի համար: Ո՞վ ավելի ցանկություն կունենա, կպայքարեն նաև երկրորդ տեղի համար:
- Բելառուսի հավաքականի դեմ հաղթանակը որքանո՞վ էր կարևոր Ձեզ համար:
- Նոր շրջափուլ էր և չգիտեինք, թե ինչ թիմ ենք, որ տեղում ենք: Հաղթանակը հավատ է ներշնչում: Բելառուսի դեմ խաղը շատ դժվար էր նաև կարմիր քարտ ստացանք վերջին րոպեներին:
- Կա՞ն խաղացողներ ովքեր ազգային հավաքականի հավակնորդներն են:
- Հուսով եմ: Այն թիմի ֆուտբոլիստները, ովքեր 2011-ին հայտնվեցին եզրափակիչում, հիմա բոլորն ազգային հավաքականում են:
- Այս Իսլանդիայի հավաքականն է ուժեղ, թե՞ այն թիմը, որտեղ դուք եք խաղացել:
- Ինձ թվում է, որ այս թիմն ավելի ուժեղ է:
- Բելառուսի հետ խաղի կազմը պահպանվելու է:
- Լրիվ նույն կազմով կխաղանք:
- 2000 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում խաղացել եք Հայաստանի դեմ: Հիշու՞մ եք այդ խաղը:
- Շատ բան չեմ հիշում: Գլխով պայքար էր շատ:
- Որո՞նք են ձեր ուժեղ կողմերը:
- Ֆիզիկապես ուժեղ թիմ ենք: